Գլուխ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ամբողջ տեքստը մեկ էջում

  1. 1.Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններով (այսուհետ` կանոններ) սահմանվում է ճանապարհային երթևեկության միասնական կարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում` կարգավորելով ճանապարհային երթևեկության ընթացքում օգտագործվող լուսացույցի, կարգավորողի ազդանշանների, վթարային, հատուկ ազդանշանների, տրանսպորտային միջոցների արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանների կիրառման, տարբեր պայմաններում երթևեկության, երթևեկության արագությունը կանոնակարգելու, վազանց, կանգառ և կայանում, խաչմերուկների անցում, հետիոտնային անցումների հատում, տրանսպորտային միջոցների քարշակում, ուսումնական վարում, մարդկանց և բեռների փոխադրում իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող նշանները:

  2. 2.Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

  3. 3.Կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

    1)գլխավոր ճանապարհ` 2.1` «Գլխավոր ճանապարհ», 2.3.1` «Հատում երկրորդական ճանապարհի հետ», 2.3.2 - 2.3.7` «Երկրորդական ճանապարհի հարում» 2.3.8-2․3․11՝ «Երկրորդական ճանապարհների հարում», կամ 5.1` «Ավտոմայրուղի» նշաններով նշված ճանապարհ հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհ հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն այդ ճանապարհը հատվող ծածկույթով ճանապարհին հավասարազոր չի դարձնում.

    2)երթևեկության առավելություն` այլ տրանսպորտային միջոցների վարորդների (այսուհետ՝ վարորդներ) նկատմամբ` նախընտրած ուղղությամբ առաջնահերթ երթևեկելու իրավունք.

    3)չստեղծել խոչընդոտ երթևեկության այլ մասնակիցների համար` երթևեկության մասնակիցներին ուղղված պահանջ, որի համաձայն նրանք չպետք է որևէ ձևով խոչընդոտեն. ուղևորներն ու հետիոտները` տրանսպորտային միջոցների, իսկ վարորդները` հետիոտների և այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը.

    4)կազմակերպված տրանսպորտային շարասյուն` մշտապես միացված լապտերներով, միևնույն երթևեկության գոտիով անմիջապես իրար հետևից ընթացող առնվազն 3 մեխանիկական տրանսպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվում է կապույտ և կարմիր առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցով.

    5)երթևեկության սկիզբ` կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ կամ առանց դրա.

    6)մանևրում` տրանսպորտային միջոցի երթևեկության սկիզբ (կապված հարևան երթևեկության գոտի դուրս գալու հետ), վերադասավորում, երթևեկության ուղղության փոփոխություն, կանգառ (վերադասավորվելով) և հետընթաց կատարելը.

    7)վերադասավորում` տրանսպորտային միջոցի զբաղեցրած երթևեկության գոտուց կամ գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը.

    8)երթևեկության ուղղության փոփոխություն` նախկինում ընտրած երթևեկության ուղղության փոփոխություն (բացառությամբ հետընթացի)` կատարվող շրջադարձի կամ հետադարձի միջոցով.

    9)շրջադարձ` տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևր.

    10)հետադարձ` տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևր.

    11)վազանց՝ շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ.

    12)արգելք` երթևեկելի մասի որևէ գոտու վրա գտնվող անշարժ օբյեկտ (վնասված կամ անսարք տրանսպորտային միջոց, կողմնակի առարկա, ճանապարհի ծածկույթի վնասվածք և այլն), որը վարորդներին զրկում է նույն գոտիով երթևեկությունը շարունակելու հնարավորությունից.

    13)երթևեկության համար վտանգ` երթևեկության ժամանակ ստեղծված իրադրություն, երբ նույն ուղղությամբ և (կամ) նույն արագությամբ երթևեկությունը շարունակելու դեպքում կստեղծվի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման իրական վտանգ.

    14)կողանցում` շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներից առաջ անցնելը` առանց զբաղեցրած գոտուց դուրս գալու.

    15)վտանգավոր բեռ` վտանգավոր նյութ, հումք, վտանգավոր թափոններ, որոնք փոխադրման ընթացքում իրենց յուրահատկությունների հետևանքով կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում և վնասել տրանսպորտային միջոցները կամ շենքերն ու շինությունները.

    16)երեխաների կազմակերպված խմբերի փոխադրում` մեխանիկական տրանսպորտային միջոցով (բացառությամբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների) նախադպրոցական և դպրոցական տարիքի երկու և ավելի երեխաների կազմակերպված փոխադրում.

    17)սահմանափակ տեսանելիություն` երթևեկության մասնակցի տեղից շարժման ուղղությամբ ճանապարհի տեսանելիություն` սահմանափակված տրանսպորտային միջոցներով, ճանապարհի երկրաչափական չափանիշներով, տեղանքի ռելիեֆով, ճանապարհին հարակից բուսականությամբ, շինություններով և այլ օբյեկտներով.

    18)հետիոտնային և հեծանվային արահետ (հեծանվահետիոտնային արահետ)՝ երթևեկելի մասից կառուցվածքով առանձնացված ճանապարհի տարր (կամ առանձին ճանապարհ)՝ նախատեսված հետիոտներից առանձին կամ նրանց հետ համատեղ հեծանվորդների երթևեկության համար և նշված 4.5.2-4.5.7 նշաններով.

    19)հեծանվորդների համար գոտի՝ երթևեկելի մասի մյուս հատվածից հորիզոնական գծանշումով առանձնացված և 5.14.2 նշանով նշված երթևեկելի մասի գոտի՝ նախատեսված հեծանիվներով և մոպեդներով երթևեկելու համար.

    20)հիբրիդային ավտոմոբիլ՝ էներգիայի 2-ից ոչ պակաս տարբեր փոխակերպիչներ (շարժիչներ) ունեցող և տրանսպորտային միջոցը շարժման մեջ դնելու նպատակների համար էներգիայի կուտակման 2 տարբեր համակարգեր ունեցող տրանսպորտային միջոց:

    (3-րդ կետը խմբ., լրաց. 20.11.08 N 1373-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.12.11 N 1798-Ն, լրաց. 11.04.19 N 439-Ն, 19.01.23 N 71-Ն)

Քննական հարցեր

20 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 20 հարց անցել եք

Պարապել այս հարցերը