Գլուխ VII. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ամբողջ տեքստը մեկ էջում

  1. 65.Վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ:

  2. 66.Վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը:

  3. 67.Երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:

    (67-րդ կետը լրաց. 15.12.11 N 1798-Ն)
  4. 68.Բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ այն տարածքներում, որոնց մուտքն ու ելքը նշված են 5.21` «Բնակելի գոտի» և 5.22` «Բնակելի գոտու վերջ» նշաններով, ինչպես նաև բակային տարածքներում` 20 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

  5. 69.Բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է`

    1)90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` թեթև մարդատար ավտոմոբիլներով և 3,5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով).

    2)90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մերձքաղաքային, միջմարզային և միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ու մոտոցիկլներով` բոլոր ճանապարհներին.

    3)70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մնացած բոլոր ավտոբուսներով, կցորդի հետ կցված թեթև մարդատար ավտոմոբիլներին և 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին (90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով):

    (69-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)
  6. 70.Բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ, կարող է սահմանվել սույն կանոնների 68-70-րդ կետերով սահմանված առավելագույն արագությունից ինչպես ցածր, այնպես էլ բարձր արագություն: 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ սույն կանոնների 68-70-րդ կետերով սահմանված առավելագույն արագությունից բարձր արագություն սահմանելու դեպքում այն չի կարող գերազանցել բնակավայրում 80 կմ/ժ-ը, իսկ բնակավայրից դուրս՝ 110 կմ/ժ-ը:

    (70-րդ կետը խմբ. 11.04.19 N 439-Ն)
  7. 71.Թույլատրվում է երթևեկել`

    1)60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլներով և երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցներով.

    2)50 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս:

    (71-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն, 15.12.11 N 1798-Ն)
  8. 72.Վարորդին արգելվում է`

    1)գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը.

    2)գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով նախատեսված արագությունը.

    3)մեծ եզրաչափերով, վտանգավոր կամ ծանրաքաշ բեռ փոխադրելիս` գերազանցել փոխադրման պայմանների համաձայնեցման ժամանակ որոշված արագությունը.

    4)առանց անհրաժեշտության ընթանալ շատ ցածր արագությամբ` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը.

    5)կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար:

Քննական հարցեր

23 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 23 հարց անցել եք

Պարապել այս հարցերը