Գլուխ 2. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք · Ամբողջ տեքստը մեկ էջում
Հոդված 4. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը
1.Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը (այսուհետ՝ պետական քաղաքականություն) ճանապարհային երթևեկության կանոնակարգման, անվտանգության ապահովման համար պայմաններ և երաշխիքներ ստեղծելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած սոցիալական, տնտեսական, քաղաքական, կազմակերպչական, իրավական և այլ միջոցառումների համակարգ է:
2.Պետական քաղաքականությունն իրականացվում է սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերով սահմանված կարգով։
Հոդված 5. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
1.Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են` ա) երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության գերակայությունը տնտեսավարման գործունեության արդյունքների նկատմամբ. բ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ժամանակ քաղաքացիների, հասարակության և պետության իրավունքների ու օրինական շահերի հաշվեկշռվածության ապահովումը. գ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության նկատմամբ ծրագրային-նպատակային մոտեցումը. դ) ճանապարհային երթևեկության իրականացման միասնական կարգի սահմանումը:
2.Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն իրադրությանը, լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Հոդված 6. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են` ա) ճանապարհային երթևեկության կազմակերպումը. բ) տրանսպորտային համակարգի գործունեության պետական կարգավորումն ու կառավարումը. գ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհներին երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը. դ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության սահմանումը. ե) ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, դրանց ծանրության աստիճանի և հետևանքների նվազեցման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ անձանց գործունեության համակարգումը. զ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումների նյութական և ֆինանսական ապահովումը. է) տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստումը և քաղաքացիների` ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների ու պահանջների ուսուցումը. ը) ճանապարհային երթևեկության անվտանգության բժշկական ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը. թ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը և իրականացումը. ժ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի, ճանապարհային երթևեկության կանոնների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումների նախականխումը, հայտնաբերումը (ներառյալ` տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով) և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկումը. ժա) տրանսպորտային միջոցների և քաղաքացիների ապահովագրման ոլորտում սոցիալական ուղղվածության քաղաքականության իրականացումը:
Հոդված 7. Ճանապարհային երթևեկության կազմակերպումը
1.Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանվում է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն։
2.Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության միասնական կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոններով:
Հոդված 8. Ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառման կազմակերպումը
1.Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառում: Այդպիսի ցուցանիշներ են համարվում ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով տուժած անձանց, վնասված տրանսպորտային միջոցների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների և հանցագործությունների քանակը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը և դրա ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլ ցուցանիշներ։
2.Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3.Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների) հաշվառումն իրականացնում են բժշկական կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4.Ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի, իսկ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության բնագավառում կատարված իրավախախտումների հաշվառումը՝ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամաններով սահմանված կարգով:
(8-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, 16.12.22 ՀՕ-476-Ն)(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Քննական հարցեր
2 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 2 հարց անցել եք
Պարապել այս հարցերը