Գլուխ 5. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք · Ամբողջ տեքստը մեկ էջում
Հոդված 23. Ճանապարհային երթևեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները
1.Ճանապարհային երթևեկության մասնակիցն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ա) ազատ և անարգել տեղաշարժվելու ճանապարհով. բ) ստանալու տեղեկություններ ճանապարհի վիճակի, ճանապարհային երթևեկության սահմանափակման և (կամ) արգելման մասին, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման այլ միջոցառումների մասին. գ) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համապատասխան իրավասու կազմակերպություններից և անձանցից ստանալու անվճար բժշկական, փրկարարական և այլ առաջնային օգնություն. դ) բողոքարկելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները:
2.Ճանապարհային երթևեկության մասնակցի կողմից իր իրավունքների իրականացումը չի կարող սահմանափակել կամ խախտել երթևեկության մյուս մասնակիցների իրավունքները:
3.Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ու երթևեկության կարգավորման համար լիազորված այլ անձանց օրինական պահանջներն ու իր գործողություններով չստեղծել վթարային իրադրություն:
4.Արգելվում է վնասել կամ աղտոտել ճանապարհի ծածկույթը, վնասել, փակել, հանել կամ տեղադրել ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությանը: Նման իրավիճակ ստեղծող անձը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները խոչընդոտն անհապաղ վերացնելու համար, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնել վտանգի մասին և հայտնել ոստիկանություն:
(23-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)Հոդված 24. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականությունները
1.Տրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր է ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի:
2.Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է` ա) երթևեկությունն սկսելուց առաջ ստուգել` 1) տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անցած լինելու կամ անօրինական վերասարքավորված չլինելու փաստերը. 2) արգելակային համակարգի, ղեկային կառավարման, լապտերների և հետին եզրաչափային լույսերի (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչի (անձրևի կամ ձյունաթափի ժամանակ), կցման հարմարանքի (ավտոգնացքի կազմում) սարքինությունը, ինչպես նաև անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշված պահանջը տարածվում է տրանսպորտային միջոցի վարորդի վրա նաև երթևեկության ընթացքում. բ) ոստիկանության ծառայողի պահանջով՝ 1) օրենքով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներին չխոչընդոտել տրանսպորտային միջոցը և բեռը՝ իր ու քաղաքացիների ներկայությամբ զննելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ). 2) ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման՝ սթափության վիճակը որոշելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների վարորդների սթափության վիճակը որոշվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի ներկայությամբ). գ) օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը՝ 1) ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար. 2) բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ). 3) ոստիկանության ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով. դ) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում անմիջապես կանգնեցնել և (կամ) չտեղաշարժել տրանսպորտային միջոցը, միացնել վթարային լուսային ազդանշանը, տեղադրել «Վթարային կանգառ» ճանաչման նշանը, չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները, առկայության դեպքում` նաև դիերը, չփոփոխել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, չվնասել և չձևափոխել հետքերը, այնուհետև գործել սույն հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով սահմանված նորմերի պահանջներով: Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները:
3.Սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում վարորդի կողմից տրանսպորտային միջոցը կամովին չտրամադրելիս ոստիկանության ծառայողն իրավասու է նրան հեռացնելու տրանսպորտային միջոցի վարումից և օգտագործելու տրանսպորտային միջոցը: Նշված պահանջը չի տարածվում օպերատիվ ծառայություններին, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին և հաշմանդամություն ունեցող անձանց պատկանող տրանսպորտային միջոցների վարորդների վրա: Ոստիկանության ծառայողները տրանսպորտային միջոցների վարորդներին կարող են հեռացնել դրանց վարումից նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։
4.Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել կամ վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է` 1) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար, կանչել «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն և ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հայտնել ոստիկանություն. 2) ծայրահեղ դեպքերում տուժածներին համընթաց շարժվող տրանսպորտային միջոցով ուղարկել, իսկ եթե դա անհնար է` իր տրանսպորտային միջոցով տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն, այնտեղ հայտնել իր անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական վկայական և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ) և վերադառնալ պատահարի վայր. 3) ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ. 4) սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն, այնուհետև գործել նրանց հրահանգներով:
4.1.Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառվել է գույքային վնաս և եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով գույքի վնասման հետ կապված վնասվածքներ հասցնելու հանգամանքները, տրանսպորտային միջոցների տեսանելի վնասների բնույթը և ցանկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների միջև՝ 1) առաջացնում են տարաձայնություններ կամ չեն առաջացնում տարաձայնություններ, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) չեն համապատասխանում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանությանը և մինչև ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալը լուսանկարահանման և տեսանկարահանման միջոցով ամրագրել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, հետքերը, առարկաները, տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասվածքները, ապահովել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների՝ պատահարի պահից ոչ ուշ, քան 15 րոպեի ընթացքում պատահարի վայրից տեղափոխումը երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ չստեղծող տեղ, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տրանսպորտային միջոցը տեղափոխելու օբյեկտիվ անհնարինություն (ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով ունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է կամ անհնարին է դրա շահագործումը), կամ պատահարը տեղի է ունեցել երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ չստեղծող հատվածում և սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի անձանց ներկայանալուն․ 2) չեն առաջացնում տարաձայնություններ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանությանը և կարող են՝ ա. ինքնուրույն ձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին համապատասխան, և պատահարի պահից ոչ ուշ, քան 15 րոպեի ընթացքում տրանսպորտային միջոցները հանել պատահարի վայրից, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) համապատասխանում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին, բ. չձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվել են միայն դրա մասնակիցների տրանսպորտային միջոցները կամ այլ գույքը, և ոչ մի մասնակից չունի նշված փաստաթղթերը ձևակերպելու և (կամ) միմյանց նկատմամբ (այդ թվում` ապահովագրական ընկերությունների միջոցով) պահանջներ ներկայացնելու ցանկություն․
4.2.Սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում վարորդների կողմից նշված պատահարի վերաբերյալ հետագայում ոստիկանություն դիմում կամ հաղորդում ներկայացվելու դեպքում որևէ վարույթ չի իրականացվում, և դիմումը կամ հաղորդումը թողնվում են անհետևանք:
4.3.Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ոստիկանությունը, ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հավաքում է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների, նրանց տրանսպորտային միջոցների և պատահարի հանգամանքների վերաբերյալ տվյալներ` կազմելով պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրություններ: Պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունը կարող է չկազմվել, եթե ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ցերեկը` օրվա լուսավոր ժամի, բավարար տեսանելիության պայմաններում, և առկա է դրա տեղի ունենալու պահի և դրան անմիջապես հաջորդող` պատահարի մասնակիցների գործողությունների տեսագրություն: Պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունները, ինչպես նաև տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված յուրաքանչյուր փաստաթուղթ, տեղեկություն, տեսանյութ, լուսանկար կամ այլ նյութ կարող է ցանկացած եղանակով տրամադրվել (հասանելի դարձվել) Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին և (կամ) դրա անդամ ապահովագրական ընկերություններին և (կամ) երրորդ անձանց՝ ճանապարհատրանսպորտային պատահարի գծով իրականացվող հատուցման գործընթացի կարգավորման, ներառյալ՝ փորձաքննությունների իրականացման և ԱՊՊԱ ոլորտում անհրաժեշտ այլ գործողությունների իրականացման համար: Պատահարի մասին արձանագրության ձևը և դրանում պարունակվող տեղեկատվությունը, ինչպես նաև պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմի ու կառուցվածքի նկատմամբ պահանջները հաստատում է ոստիկանության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:
4.4.(մասն ուժը կորցրել է 03.07.26 ՀՕ-399-Ն)
5.Մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տրամվայի վարորդը, բացի սույն հոդվածի երկրորդ մասում նշվածից, պարտավոր է՝ ա) իր մոտ ունենալ և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման՝ 1) տվյալ կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը կամ դրա թվային տարբերակը (կամ տրանսպորտային միջոց վարելու ժամանակավոր վարորդական վկայական կամ թույլտվություն՝ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին), իսկ դրանում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը. 2) տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը (կամ հաշվառման վկայագրի թվային տարբերակը). 3) (ենթակետն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն) 4) ուղևորների և բեռների փոխադրման համար օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր (ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն և այլն). բ) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի), ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին. գ) մոտոցիկլով երթևեկելիս, ինչպես նաև մոպեդով կամ հեծանիվով երթևեկելի մասով երթևեկելիս լինել կոճկված սաղավարտով և չփոխադրել չկոճկված սաղավարտով ուղևորների:
6.Միջազգային ճանապարհային երթևեկությանը մասնակցող մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է՝ ա) իր մոտ ունենալ միջազգային ճանապարհային երթևեկության համար նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ կնքված միջազգային պայմանագրերի առկայության դեպքում՝ նաև այլ փաստաթղթեր. բ) տրանսպորտային միջոցի վրա ունենալ լատինական տառերով և արաբական թվերով համարանիշեր և այն երկրի տարբերանշանը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը:
7.Վարորդին արգելվում է՝ ա) տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում. բ) տրանսպորտային միջոցի վարումը հանձնել ոչ սթափ վիճակում գտնվող կամ իրենց մոտ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու համար վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց. գ) լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը, եթե նրա կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը կամ դրա օգտագործումը իր բացակայության ժամանակ. դ) բացել տրանսպորտային միջոցի դռները ընթացքի ժամանակ. ե) բացել տրանսպորտային միջոցի դռները նույնիսկ կանգառի ժամանակ, եթե դա կխոչընդոտի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին. զ) ընթացքի ժամանակ օգտվել ռադիոկապից և հեռախոսակապից, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների), կամ ընթացքի ժամանակ ծխել. է) տրանսպորտային միջոցից դուրս նետել իրեր և առարկաներ. ը) ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչև սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ. թ) տրանսպորտային միջոցներում տեղադրել ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ:
8.(մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
9.(մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
10.(մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
11.(մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
12.(մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
(24-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ., լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-183-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-218-Ն, խմբ., լրաց., փոփ. 09.12.19 ՀՕ-278-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-65-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-254-Ն, 03.07.25 ՀՕ-257-Ն, 02.10.25 ՀՕ-312-Ն, խմբ., փոփ. 03.07.26 ՀՕ-399-Ն)(03.07.25 ՀՕ-257-Ն օրենքն ունի անցումային դրույթ)Հոդված 24.1. Տրանսպորտային միջոցի վարորդին դրա վարումից հեռացնելու կարգը
1.Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու նպատակով ոստիկանության ծառայողը նրանից պահանջում է դուրս գալ տրանսպորտային միջոցի սրահից (խցիկից): Այդ պահանջը վարորդի կողմից չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավասու է կիրառելու «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված հատուկ միջոցներ:
2.Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողը ապահովում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջների կատարումը:
3.Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողն ապահովում է ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը:
4.Եթե ոստիկանության ծառայողը վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնում է տրանսպորտային միջոցն օգտագործելու նպատակով, ապա նա վարորդի պահանջով պարտավոր է նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն)՝ նշելով ուղևորության տևողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը և ստորաբաժանման անվանումը:
(241 -ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)Հոդված 24.2. Հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկության լրացուցիչ պահանջները
1.14 տարեկանից բարձր տարիք ունեցող հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով:
2.14-ից բարձր տարիքի հեծանվորդների երթևեկությունը թույլատրվում է` 1) երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում. ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով երթևեկելն անհնար է, բ. հեծանիվի, հեծանվակցորդի կամ տեղափոխվող բեռի եզրաչափային լայնությունը գերազանցում է 1 մ-ը, գ. հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է շարասյան մեջ. 2) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով կամ երթևեկելի մասի աջ եզրով երթևեկելն անհնար է. 3) մայթով կամ հետիոտնային արահետով հետևյալ դեպքերում. ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով կամ երթևեկելի մասի աջ եզրով կամ կողնակով երթևեկելն անհնար է, բ. հեծանվորդն ուղեկցում է մինչև 14 տարեկան հեծանվորդի կամ լրացուցիչ նստատեղին, հեծանվասայլակում կամ հեծանվակցորդում տեղափոխում է մինչև 7 տարեկան երեխա:
3.7-ից մինչև 14 տարեկան հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է միայն մայթերով, հետիոտնային, հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, ինչպես նաև հետիոտնային գոտիների սահմաններում:
4.Մինչև 7 տարեկան հեծանվորդների երթևեկությունն իրականացվում է միայն մայթերով, հետիոտնային և հեծանվահետիոտնային արահետներով (հետիոտների երթևեկության համար նախատեսված կողմով), ինչպես նաև հետիոտնային գոտիների սահմաններում:
5.Երթևեկելի մասի աջ եզրով հեծանվորդների երթևեկության ժամանակ հեծանվորդները պետք է երթևեկեն միայն մեկ շարքով:
6.Հեծանվորդների շարասյան երթևեկությունը երկու շարքով թույլատրվում է, եթե հեծանիվների եզրաչափային լայնությունը չի գերազանցում 0,75 մ-ը:
7.Մեկ շարքով երթևեկության դեպքում հեծանվորդների շարասյունը բաժանվում է խմբերի` յուրաքանչյուրում 10-ական հեծանվորդ, իսկ երկու շարքով երթևեկության դեպքում` յուրաքանչյուրում 10-ական զույգ հեծանվորդ: Վազանցը հեշտացնելու համար խմբերի միջև տարածությունը պետք է կազմի 80-100 մ:
8.Եթե հեծանվորդի երթևեկությունը մայթով, հետիոտնային արահետով, կողնակով կամ հետիոտնային գոտիների սահմաններում վտանգում կամ խոչընդոտում է այլ անձանց երթևեկությունը, ապա հեծանվորդը պարտավոր է իջնել հեծանիվից և ղեկավարվել հետիոտների երթևեկության համար օրենսդրությամբ նախատեսված պահանջներով:
9.Մոպեդների վարորդները պետք է երթևեկեն երթևեկելի մասի աջ եզրով մեկ շարքով կամ հեծանվորդների համար գոտիով:
10.Մոպեդների վարորդների երթևեկությունը թույլատրվում է կողնակներով, եթե դա չի խոչընդոտում հետիոտներին:
11.Հեծանվորդներին և մոպեդների վարորդներին արգելվում է` 1) վարել հեծանիվը կամ մոպեդը առանց ղեկը բռնելու. 2) փոխադրել բեռ, որը խանգարում է ղեկավարելուն, կամ որը երկարությամբ կամ լայնությամբ ավելի քան 0,5 մ-ով գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը. 3) տեղափոխել ուղևոր, եթե դա նախատեսված չէ տրանսպորտային միջոցի կառուցվածքով. 4) տեղափոխել մինչև 7 տարեկան երեխայի` նրա համար հատուկ կահավորված նստատեղի բացակայության դեպքում կամ այդ նստատեղից դուրս. 5) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին. 6) հատել ճանապարհը հետիոտնային անցումներով. 7) ապրանքների առաքում իրականացնող հեծանվորդների և մոպեդների վարորդների կողմից հեծանիվը կամ մոպեդը վարել առանց այդ տրանսպորտային միջոցի համար նախատեսված սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով։
12.Արգելվում է հեծանիվների և մոպեդների, ինչպես նաև հեծանիվներով և մոպեդներով քարշակումը, բացառությամբ հեծանիվի կամ մոպեդի հետ շահագործման համար նախատեսված հեծանվակցորդի կամ կցորդի քարշակման:
13.Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա հեծանվորդները և մոպեդների վարորդները պետք է զիջեն ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:
14.Սույն հոդվածով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում հեծանիվով և մոպեդով երթևեկության արգելված վայրերը, լրացուցիչ պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանում է համայնքի ավագանին։
(24.2-րդ հոդվածը լրաց. 09.12.19 ՀՕ-278-Ն, 02.10.24 ՀՕ-361-Ն, 03.07.26 ՀՕ-399-Ն)Հոդված 24.3. Լծասայլերի (լծասահնակների) երթևեկության, բեռնակիր և հեծկան կենդանիներին, ինչպես նաև անասուններին քշելու լրացուցիչ պահանջները
1.Երթևեկելի մասով լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր կամ հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել թույլատրվում է 14 տարեկանը լրացած անձանց:
2.Լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր և հեծկան կենդանիներին քշել մեկ շարքով, երթևեկելի մասի եզրով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա չի խոչընդոտի հետիոտներին:
3.Լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր և հեծկան կենդանիների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում` 10-ական բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ 5-ական լծասայլ (լծասահնակ): Խմբերի վազանցումը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80-100 մ:
4.Լծասայլի (լծասահնակի) վարորդը մերձակա տարածքից կամ երկրորդական ճանապարհից ճանապարհ դուրս գալիս սահմանափակ տեսադաշտով վայրերում կենդանիներին պետք է տանի սանձից բռնած:
5.Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին` հնարավորին չափ ուղղորդելով դեպի ճանապարհի աջ եզրը:
6.Կենդանիներին երկաթուղային գծերն անցկացնելիս դրանք պետք է բաժանել խմբերի այնպես, որ, անասնավարների քանակից ելնելով, հնարավոր լինի ապահովել յուրաքանչյուր խմբի անվտանգ անցումը:
7.Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ և անասուններ քշողներին արգելվում է` 1) կենդանիներին թողնել ճանապարհին առանց հսկողության. 2) կենդանիներին քշել երկաթուղային գծերով և ճանապարհներով` դրա համար նախատեսված տեղերից դուրս, ինչպես նաև օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում (բացի տարբեր մակարդակների վրա անասուններին երկաթուղային գծերը կամ ճանապարհն անցկացնելուց). 3) այլ ուղիների առկայության դեպքում կենդանիներին քշել ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով. 4) կենդանիներին արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100 մ մոտ տարածքներում, ինչպես նաև դրանց կուտակել երթևեկելի մասերում և մայթերին:
8.Արգելվում է վարել լծասայլ, եթե այն` 1) կահավորված չէ կառուցվածքով նախատեսված կայանման արգելակով և հակագլորման հենակներով. 2) առջևի մասում չունի երկու սպիտակ գույնի լուսանդրադարձիչներ կամ լապտերներ (օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար). 3) հետևի մասում չունի երկու կարմիր գույնի լուսանդրադարձիչներ կամ լապտերներ:
(24.3-րդ հոդվածը լրաց. 09.12.19 ՀՕ-278-Ն)Հոդված 24.4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները
1.18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է՝ 1) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով. 2) մայթով կամ հետիոտնային արահետով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով երթևեկելն անհնար է. 3) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը, կամ դրանցով երթևեկելն անհնար է. 4) երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում. ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը, հետիոտնային արահետը կամ կողնակը, կամ դրանցով երթևեկելն անհնար է, բ. անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը հագեցած է արգելակով, ձայնային ազդանշանով, առջևում՝ սպիտակ, կողքերից՝ նարնջագույն կամ կարմիր, իսկ հետևում՝ կարմիր լուսանդրադարձիչներով, առջևում՝ սպիտակ լուսարձակով (լապտերով), որը պետք է միացված լինի օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում։
2.Երթևեկելի մասում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։
3.Մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու սահմանած վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։
4.Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի արագությունը չպետք է գերազանցի 25 կմ/ժ-ը։
5.Հետիոտների և անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների համատեղ երթևեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն։
6.Եթե մայթով, հետիոտնային արահետով կամ երթևեկելի մասի եզրով շարժվելու համար անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներ օգտագործող անձի շարժումը վտանգում կամ խանգարում է հետիոտների շարժը, ապա անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել դրա օգտագործումը կամ իջեցնել արագությունը և այն օգտագործել հետիոտների երթևեկության արագությունը չգերազանցող արագությամբ։
7.Արգելվում է՝ 1) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող (մեկ ամբողջություն հանդիսացող) ուղեբեռի), այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց (միջոցներ). 2) մեկ սռնու (առանցքի) վրա գտնվող՝ առանց ղեկային կառավարման համակարգի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը երթևեկելի մասի վրա և հեծանվորդների համար գոտիով. 3) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը 18 տարին չլրացած անձանց օգտագործման հանձնելը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի, երբ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը սահմանված վայրում վարելու նկատմամբ հսկողության պարտականությունը կրում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը հանձնողը. 4) ղեկ ունեցող անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործել առանց ղեկը բռնելու. 5) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելով հատել ճանապարհը հետիոտնային անցումներով. 6) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին. 7) օդերևութաբանական կամ այլ պատճառով թաց (այդ թվում՝ ձյան) ծածկույթ ունեցող մակերևույթով անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների՝ երթևեկության համար թույլատրված վայրերում շահագործումը. 8) ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի օգտագործումն առանց հեծանվորդների համար նախատեսված սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով. 9) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի, ինչպես նաև անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով քարշակումը. 10) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը վարել համայնքի ավագանու արգելած վայրերում. 11) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը վարել թունելներում։
8.Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները վարձակալությամբ տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունները (անձինք) պարտավոր են բացառել բնակավայրի սահմաններում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ կամ համայնքի ավագանու արգելած վայրերում դրանց վարելու հնարավորությունը։
9.Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները կազմակերպությունների (անձանց) կողմից կարող են շահագործման հանձնվել, իսկ ֆիզիկական անձանց կողմից՝ շահագործվել բացառապես արագություն չափող սարքավորումով կահավորված լինելու դեպքում։
10.Սույն հոդվածով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը, լրացուցիչ պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանում է համայնքի ավագանին։
(24.4-րդ հոդվածը լրաց. 02.10.24 ՀՕ-361-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-399-Ն)Հոդված 25. Հետիոտների հիմնական պարտականությունները
1.Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող հետիոտները, ինչպես նաև առանց շարժիչի անվասայլակներով երթևեկողները կարող են շարժվել երթևեկելի մասի եզրով, եթե դրանց երթևեկությունը խոչընդոտում է մայթերով և արահետներով շարժվող այլ հետիոտների:
2.Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաև նրանցով երթևեկելու անհնարինության դեպքում հետիոտները կարող են շարժվել հեծանվային արահետով կամ ճանապարհի երթևեկելի մասի եզրով, մեկ շարքով (բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին՝ երթևեկելի մասի արտաքին եզրով):
3.Հետիոտները երթևեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի անվասայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք՝ տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:
4.Երթևեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում ոչ ավելի, քան 4 մարդ, տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց: Շարասյան ձախ կողմում, առջևից և հետևից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ առջևից սպիտակ, իսկ հետևից կարմիր գույնի միացված լապտերիկներով:
5.Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին և չափահասների ուղեկցությամբ:
6.Հետիոտները պետք է երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ խաչմերուկներում՝ մայթերի կամ կողնակների ուղղությամբ:
7.Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում և խաչմերուկ, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում:
8.Այն տեղերում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով: Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթևեկելի մաս` միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը և համոզվելով, որ անցումը անվտանգ է իրենց համար:
9.Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ խոչընդոտի հետևից կարող են դուրս գալ, եթե միայն համոզված են, որ մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան:
10.Դուրս գալով երթևեկելի մաս՝ հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն, եթե անցումն անվտանգ է: Այն հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթևեկության անվտանգության մեջ համոզվելուց հետո:
11.Կապույտ կամ կապույտ և կարմիր գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք է սկսեն երթևեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցներին և դրանցով ուղեկցվողներին` անհապաղ ազատելով երթևեկելի մասը:
12.Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մարդատար-տաքսի ավտոմոբիլի թույլատրվում է սպասել միայն երթևեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մայթերին կամ կողնակներին: Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում թույլատրվում է դուրս գալ երթևեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո: Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել երթևեկելի մասը:
(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն, 07.02.24 ՀՕ-65-Ն)Հոդված 26. Ուղևորների հիմնական պարտականությունները
1.Ուղևորը պարտավոր է՝ ա) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս ամրակապված լինել դրանցով, իսկ մոտոցիկլերով կամ այլ մոտոտրանսպորտային միջոցներով երթևեկելիս՝ կոճկված սաղավարտով. բ) տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո նստել և իջնել միայն մայթի կամ կողնակի կողմից, իսկ եթե դա անհնար է՝ երթևեկելի մասի կողմից, պայմանով, որ այն կկատարվի անվտանգ և խոչընդոտ չի ստեղծի երթևեկության մյուս մասնակիցների համար:
2.Ուղևորին արգելվում է՝ ա) վարորդի ուշադրությունը շեղել տրանսպորտային միջոցի ղեկավարումից. բ) կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում երթևեկելիս կանգնել, նստել թափքի կողերին կամ դրանցից բարձր գտնվող բեռի վրա. գ) երթևեկության ընթացքում բացել տրանսպորտային միջոցի դռները, ինչպես նաև դռները բացել կանգառի ժամանակ, եթե դա խոչընդոտ կստեղծի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար. դ) երթևեկության ընթացքում դուրս կախվել (դուրս ցցվել) տրանսպորտային միջոցից կամ դուրս նետել ինչ-որ առարկաներ:
(26-րդ հոդվածը փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն)
Քննական հարցեր
6 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 6 հարց անցել եք
Պարապել այս հարցերը