Գլուխ 6. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք · Ամբողջ տեքստը մեկ էջում

  1. Հոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքը

    1.Մեխանիկական տրանսպորտային միջոցները բաժանվում են հետևյալ կարգերի և ենթակարգերի. 1) «AM» ենթակարգ` մոպեդներ և դրանց համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլներ. 1.1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով, և ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթև մոտոցիկլեր). 2) «A» կարգ` մոտոցիկլեր, բացառությամբ «AM» և «A1» ենթակարգերին վերաբերող տրանսպորտային միջոցների. 3) «B1» ենթակարգ` տրիցիկլեր և քվադրիցիկլեր. 4) «B» կարգ` ա. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, կամ բ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը, կամ գ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը. 5) «C1» ենթակարգ` ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը, կամ բ. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը. 6) «C» կարգ` ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, կամ բ. ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը. 7) «D1» ենթակարգ` ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը. 8) «D» կարգ` ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը. 9) «BE» կարգ` ա. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը և գերազանցում է ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, կամ բ. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը. 10) «C1E» ենթակարգ` «C1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը. 11) «CE» կարգ` «C» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը. 12) «D1E» ենթակարգ` «D1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որը նախատեսված չէ ուղևորներ փոխադրելու համար, և որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը. 13) «DE» կարգ` «D» կարգի ավտոմոբիլ (ավտոբուս)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը. 14) «T» կարգ` տրոլեյբուս:

    2.«C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց այդ կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել ոչ ավելի, քան 8 ուղևոր, իսկ դրանից ավելի ուղևոր փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաև «D» կամ «DE» կարգի կամ «D1» կամ «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական:

    3.Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է` 1) «AM» ենթակարգի` 16 տարին լրացած անձանց, իսկ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց. 2) «D» կարգի և «D1» ենթակարգի` 21 տարին լրացած, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված լինելու դեպքում` 19 տարին լրացած, և «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի` տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց. 3) «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1E» և «D1E» ենթակարգերի` 19 տարին լրացած, և համապատասխանաբար «B», «C» կամ «D» կարգերի կամ «C1» կամ «D1» ենթակարգերի` տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց. դ) «T» կարգի` 20 տարին լրացած անձանց:

    4.(մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)

    5.Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից թվային եղանակով հատկացված ազգային վարորդական վկայականների թվային տարբերակները) և միջազգային վարորդական վկայականներ, ընդ որում` 1) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են գործող այդ անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից՝ երեք ամիս ժամկետով:

    6.Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականն ստանալու կամ դրա թվային տարբերակը հատկացնելու պահից:

    7.«A» և «B» կարգերի ու «AM», «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:

    8.Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամկետով, բայց ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից ոչ ավելի:

    9.Տրոլեյբուս վարելու իրավունք տալու համար գործնական քննությունն ընդունում են տրոլեյբուս շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

    10.«A» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «AM» և «A1» ենթակարգի, ինչպես նաև մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցներ, «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «D» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «CE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «DE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ:

    11.Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների՝ մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի նոր վարորդական վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:

    12.Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:

    13.Այլ պետություններում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականով փոխանակվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:

    14.Կորցրած կամ գողացված օտարերկրյա (բացառությամբ ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տրված) ազգային և միջազգային վարորդական վկայականի փոխարեն Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականների հատկացում չի կատարվում:

    15.Այլ պետություններում ստացած և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին չհամապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականներով չեն փոխանակվում, և կորած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում:

    16.Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային վարորդական վկայականով թույլատրվում է վարել տրանսպորտային միջոցներ միայն ազգային վարորդական վկայականի առկայության դեպքում:

    17.Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի: Սույն մասով նախատեսված արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ:

    18.Այլ երկրում, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետ համատեղ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում միջազգային պայմանագրերի մասնակից, տրված ազգային վարորդական վկայականը փոխադարձության պայմանով համարվում է գործող Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար միայն այն դեպքում, եթե այն ներկայացվում է նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ վարորդական վկայականի բոլոր գրառումները կատարված են կամ կրկնօրինակված են լատիներեն տառերով:

    19.Օտարերկրյա ազգային և միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են գործող նշված վարորդական վկայականների համապատասխան կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցների համար` տիրապետողների տարիքը սույն հոդվածով սահմանված տարիքը լրանալու պահից:

    (27-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, խմբ. 15.11.10 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ., խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն, խմբ., լրաց. 03.07.25 ՀՕ-251-Ն, 03.07.25 ՀՕ-257-Ն)(03.07.25 ՀՕ-251-Ն օրենքն ունի անցումային դրույթ)(03.07.25 ՀՕ-257-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
  2. Հոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները

    1.Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված տարիքը լրացած և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված հակացուցումներ չունեցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։

    1.1.Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:

    1.2.«A», «B» և «C» կարգերի, ինչպես նաև «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել նաև ինքնուս անձինք:

    1.3.«A», «B» և «BE» կարգերի, ինչպես նաև «AM», «A1» և «B1» ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե` 1) վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված՝ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (բացակայում են վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող՝ դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ). 2) առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

    1.4.Սույն հոդվածի 1.3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձին ներքին գործերի լիազոր մարմնի կողմից բժշկական հավատարմագրման պահանջագիրը տրվում է վարորդական իրավունքի վկայական ստանալու (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) մասին դիմումը ներկայացնելու պահին:

    1.5.Բժշկական հավատարմագրման պահանջագրի և առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագրի ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

    1.6.«C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է ներքին գործերի լիազոր մարմին ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք:

    1.7.«C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված՝ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (ձեռքերի, ոտքերի, ձեռքի մատների շարժումների սահմանափակում կամ ձևախեղումներ կամ դրանց բացակայություն, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ), կամ առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

    1.8.Տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական խնդիրներ ունեցող, թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով և վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու) մասին դիմում ներկայացվելու պահին էլեկտրոնային հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում ներքին գործերի լիազոր մարմնին և ոստիկանությանը:

    2.(մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)

    3.Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:

    4.Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը, բացառությամբ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուի: «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածու կարող է դառնալ 16 տարին լրացած անձը:

    5.(մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)

    6.Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:

    7.Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

    8.Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան և կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաև կցորդման (բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների) և արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման ուսուցումը կարող է իրականացվել այն ճանապարհներին, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արգելված չէ դրա իրականացումը:

    9.Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:

    10.(մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-228-Ն)

    11.(մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-228-Ն)

    (28-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-22-Ն, լրաց., փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-228-Ն, 08.12.11 ՀՕ-332-Ն, 21.12.15 ՀՕ-183-Ն, խմբ., լրաց. 09.12.19 ՀՕ-278-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-476-Ն)(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
  3. Հոդված 29. Վարելու իրավունքը դադարելը և վարորդական վկայականի ուժը կորցնելը

    (վերնագիրը խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն)

    1.Անձի վարելու իրավունքը դադարում է, եթե` 1) առկա է նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ. 2) առկա է նրա՝ հոգեկան, թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին տեղեկություն. 3) առկա է վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտ. 4) նա մահացել է:

    2.Անձի վարորդական վկայականն ուժը կորցնում է, եթե` 1) առկա է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը. 2) լրացել է վարորդական վկայականի գործողության ժամկետը. 3) վարորդական վկայականը կորել է, և անձը դիմել է նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:

    3.Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով ուժը կորցրած վարորդական վկայական հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը վերցնում է այդ վարորդական վկայականը:

    4.Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կամ օտարերկրյա պետության իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված վարելու իրավունքը վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:

    5.Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը, վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամները՝ որակավորման քննություններ հանձնելուց հետո:

    (29-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն, խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն, փոփ. 04.03.26 ՀՕ-62-Ն, փոփ., լրաց. 18.06.26 ՀՕ-241-Ն)(հոդվածը 04.03.26 ՀՕ-62-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում էլեկտրոնային առողջապահության համակարգի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան էլեկտրոնային ռեգիստրի միջև փոխգործելիությունն ապահովելու օրվանից)(18.06.26 ՀՕ-241-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
  4. Հոդված 30. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումը

    1.Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն ապահովում են օրենսդրությամբ սահմանված կարգով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:

    2.Հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատություններում ճանապարհային երթևեկության կանոնների պարտադիր ուսուցումն իրականացվում է կրթության և գիտության ոլորտի` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատած ծրագրերին համապատասխան:

    3.Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն իրականացվում է պետական կառավարման տարածքային մարմինների և տրանսպորտի, կրթության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության ու բնակչության սոցիալական պաշտպանության բնագավառների պետական կառավարման մարմինների համատեղ մշակած օրինակելի ծրագրերով:

    4.Ոստիկանությունը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում են իրավասու մարմիններին` քաղաքացիների` ճանապարհներին անվտանգ երթևեկության վարքագծի կանոնների ուսուցման հարցում:

    (30-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-127-Ն)

Քննական հարցեր

23 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 23 հարց անցել եք

Պարապել այս հարցերը