Գլուխ X. ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ

Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ամբողջ տեքստը մեկ էջում

  1. 86.1.Խաչմերուկին մոտենալիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի՝ ելնելով տեղի պայմաններից: Մասնավորապես, վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները:

    (86.1-ին կետը լրաց. 11.04.19 N 439-Ն)
  2. 87.Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին:

    (87-րդ կետը խմբ. 15.12.11 N 1798-Ն)
  3. 88.Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկի հատված, երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատում, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել՝ խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Կարգավորվող խաչմերուկներ

    (88-րդ կետը լրաց., փոփ. 15.12.11 N 1798-Ն, խմբ. 11.04.19 N 439-Ն, 19.01.23 N 71-Ն)
  4. 89.Այն խաչմերուկը, որտեղ երթևեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշաններով, համարվում է կարգավորվող:

  5. 90.Լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին: Նույն կանոնով պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները միմյանց հետ:

  6. 91.Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին:

  7. 92.Եթե կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, ապա, անկախ շարժման ուղղությունից, երթևեկության առավելություն ունի տրամվայի վարորդը: Սակայն լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին:

    (92-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)
  8. 93.Լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը կարող է այն ազատել նախընտրած ուղղությամբ, սակայն պայմանով, որ դա չի խանգարի երթևեկության մյուս մասնակիցների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է` անկախ ելքի լուսացույցի ազդանշանից, սակայն եթե խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցներից առաջ առկա է 1.12` «Կանգ-գիծ» գծանշումը (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշաններ), նա պետք է ղեկավարվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշաններով:

    (93-րդ կետը փոփ., լրաց. 11.04.19 N 439-Ն)
  9. 94.Վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած տրանսպորտային միջոցներին և չխոչընդոտի հետիոտներին ավարտելու խաչմերուկի անցումը, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը: Չկարգավորվող խաչմերուկներ

    (94-րդ կետը խմբ. 15.12.11 N 1798-Ն)
  10. 95.Այն խաչմերուկը, որտեղ բացակայում է լուսացույցը կամ կարգավորողը, չի աշխատում լուսացույցը, կամ միացված է լուսացույցի դեղին թարթող ազդանշանը, համարվում է չկարգավորվող:

  11. 96.Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից: Այդպիսի խաչմերուկներում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:

    (96-րդ կետը լրաց. 11.04.19 N 439-Ն)
  12. 97.Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդներն իրենց գործողություններում միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով: Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն երկրորդական ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները:

  13. 98.Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում, բացառությամբ Կանոնների 98.1-ին կետով նախատեսված դեպքերի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:

    (98-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն, լրաց. 11.04.19 N 439-Ն)
  14. 98.1.4.3` «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին:

    (98.1-ին կետը լրաց. 11.04.19 N 439-Ն)
  15. 99.Ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հավասարազոր ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:

  16. 100.Չկարգավորվող խաչմերուկներում տրամվայի վարորդը, անկախ երթևեկության ուղղությունից, երթևեկության առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ:

    (100-րդ կետը խմբ. 15.12.11 N 1798-Ն)
  17. 101.Երբ վարորդը չի կարող որոշել ճանապարհի ծածկույթի առկայությունը (օրվա մութ ժամանակ, ցեխ, ձյուն և այլն), և բացակայում են առավելության նշանները, ապա նա պետք է համարի, որ գտնվում է երկրորդական ճանապարհի վրա:

Քննական հարցեր

194 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 194 հարց անցել եք

Պարապել այս հարցերը