Գլուխ XII. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐՈՎ
Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ամբողջ տեքստը մեկ էջում
109.Տրանսպորտային միջոցների վարորդները երկաթուղային գծերը կարող են հատել միայն երկաթուղային գծանցներով` ճանապարհը զիջելով գնացքին (լոկոմոտիվին, երկաթուղասայլակին):
110.Երկաթուղային գծանցին մոտենալիս վարորդը պետք է ղեկավարվի գծանցի հերթապահի ցուցումներով, երկաթուղային գծանցներով երթևեկությունը կարգավորելու համար նախատեսված լուսացույցների, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով և համոզվի, որ գծանցին գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) չի մոտենում:
111.Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի 1.12` «Կանգ» գծի, 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա:
112.Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդը պետք է`
1)անհապաղ իջեցնի ուղևորներին և միջոցներ ձեռնարկի գծանցն ազատելու համար.
2)հնարավորության դեպքում գծի երկայնքով երկու մարդ ուղարկի գծանցի ամեն մի կողմը 1000 մ հեռավորության վրա (եթե մեկին, ապա վատ տեսանելիության կողմը)` նրանց բացատրելով մոտեցող գնացքի մեքենավարին կանգառի ազդանշան տալու կարգը.
3)մնա տրանսպորտային միջոցի մոտ և տա ընդհանուր տագնապի ազդանշան.
4)գնացք երևալու դեպքում վազի ընդառաջ` տալով կանգառի ազդանշան: Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես մեքենավարին տրվող կանգառի ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):
(112-րդ կետը փոփ., լրաց. 15.12.11 N 1798-Ն)113.Վարորդին արգելվում է մուտք գործել գծանց`
1)փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (լուսացույցի ազդանշանից անկախ).
2)լուսացույցի արգելող ազդանշանի դեպքում (ուղեփակոցի առկայությունից և դիրքից անկախ).
3)եթե գծանցից հետո առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել գծանցի վրա.
4)եթե տեսանելիության սահմաններում գծանցին մոտենում է գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ).
5)գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքում: Գծանցի հերթապահի արգելող ազդանշան է հանդիսանում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:
114.Վարորդին արգելվում է նաև`
1)հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով` շրջանցել գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները.
2)ինքնակամ բացել ուղեփակոցը.
3)գծանցով փոխադրել ոչ տրանսպորտային վիճակում գտնվող գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական և այլ մեքենաներ ու մեխանիզմներ.
4)առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության գծանցով երթևեկել դանդաղընթաց մեքենաներով` 8 կմ/ժ ցածր արագությամբ և տափանների հետ կցված տրակտորներով:
(114-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)
Քննական հարցեր
19 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 19 հարց անցել եք
Պարապել այս հարցերը