Գլուխ XVII. ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՐՇԱԿՈՒՄԸ

Աղբյուր՝ ՀՀ կառավարության 28.06.2007 N 955-Ն որոշում (arlis.am) · Ամբողջ տեքստը մեկ էջում

  1. 138.Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակումը պետք է իրականացվի քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկին վարորդի առկայության դեպքում, բացի այն դեպքերից, երբ կոշտ կցիչի կառուցվածքն ուղղագիծ երթևեկության ժամանակ ապահովում է քարշակվող տրանսպորտային միջոցի ընթացքը քարշակողի հետագծով:

  2. 139.Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ արգելվում է քարշակվող ավտոբուսում, տրոլեյբուսում և բեռնատար ավտոմոբիլի թափքում մարդկանց փոխադրումը: Մասնակի բեռնման եղանակով քարշակելիս` արգելվում է մարդկանց գտնվելն ինչպես քարշակվող տրանսպորտային միջոցի խցիկում կամ թափքում, այնպես էլ քարշակողի թափքում:

  3. 140.Քարշակող և քարշակվող տրանսպորտային միջոցների միջև պետք է ապահովվի` ճկուն կցիչով քարշակելիս 4-6 մ, իսկ կոշտ կցիչով` 4 մ ոչ ավելի հեռավորություն:

  4. 141.Մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս` ճկուն կապող օղակը նկատելի դարձնելու նպատակով այն պետք է կահավորվի նախազգուշական հարմարանքներով, որոնք անկյունագծով 50 մմ լայնությամբ իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, 200 x 200 մմ չափերի լուսանդրադարձիչ մակերևույթով դրոշակներ կամ վահանակներ են: Ճկուն կապող օղակի վրա պետք է տեղադրվեն երկուսից ոչ պակաս նախազգուշացնող հարմարանքներ:

  5. 142.Կոշտ կցման հարմարանքի կառուցվածքը պետք է համապատասխանի ստանդարտների պահանջներին:

  6. 143.Քարշակումն արգելվում է`

    1)երկու և ավելի մեխանիկական տրանսպորտային միջոցների.

    2)առանց կողային կցորդի մոտոցիկլներով, ինչպես նաև դրանց.

    3)մերկասառույցի պայմաններում` ճկուն կցիչով.

    4)այն տրանսպորտային միջոցների, որոնց ապակեմաքրիչները և կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները չեն աշխատում` այն դեպքում, երբ քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկավարումն իրականացվում է վարորդի կողմից.

    5)այն տրանսպորտային միջոցների, որոնց ղեկային կառավարումը չի գործում (բացառությամբ մասնակի բեռնմամբ եղանակով քարշակելիս).

    6)այն տրանսպորտային միջոցի, որի արգելակային համակարգը չի գործում և դրա փաստացի զանգվածը գերազանցում է քարշակողի փաստացի զանգվածի կեսը: Քարշակվողի փաստացի զանգվածը քարշակողի փաստացի զանգվածի կեսից քիչ լինելու դեպքում քարշակումը թույլատրվում է միայն կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով։

    (143-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
  7. 144.Կանոնների 143-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում չգործող են համարվում ղեկային կառավարման և արգելակային այն համակարգերը, որոնք վարորդին թույլ չեն տալիս իրականացնել երթևեկության ուղղության փոփոխություն կամ կանգնեցնել տրանսպորտային միջոցը` անգամ նվազագույն արագությամբ երթևեկելիս:

    (144-րդ կետը փոփ. 15.12.11 N 1798-Ն)

Քննական հարցեր

13 հարցի բացատրությունը հղում է այստեղ։ Պարապեք դրանք առանձին։0 / 13 հարց անցել եք

Պարապել այս հարցերը